Հպարտ ծառը

Առակ հպարտ ծառի մասինՄի այգում մայրի էր աճում: Ամեն տարի այն ավելի ու ավելի էր մեծանում՝ դառնում ավելի վեհ ու գեղեցիկ:

Նրա փարթամ սաղարթախիտ տերևները վեր էին խոյանում իրեն շրջապատող ծառերից և ստվեր նետում դրանց վրա: Սակայն որքան նա աճում էր ու վեր բարձրանում, այնքան ուժգնանում էր նրա մեջ անսահման գոռոզությունը:

Արհամարհանքով նայելով շուրջը՝ մեկ օր նա հրամայում է.

– Հեռացրեք աչքիցս այն խղճուկ պնդուկի ծառը:

Եվ այն արագորեն արմատախիլ են անում և հեռացնում:

– Ազատեք ինձ այս անտանելի թզենու հարևանությունից: Այն ձանձրացնում է ինձ իր հիմար տեսքով,- հրամայում է մի օր քմահաճ մայրին և թզենուն անմիջապես հեռացնում են:

Ինքն իրենից գոհ մայրին հպարտորեն թափահարում է իր փարթամ տերևները և շարունակ բողոքում իրեն շրջապատող ծառերից.

– Ինձ շրջապատող տարածքից հեռացրեք այդ հին տանձենիներն ու խնձորենիները,- ծառերը կտրվում են ու խարույկի փայտի վերածվում:

Եվ այդպես անհանդուրժող մայրին հրամայում է կտրել բոլոր իրեն շրջապատող ծառերը՝ դառնալով այգու միակ ու լիիրավ տերը: Սակայն պարտեզի նախկին գեղեցկությունից ոչինչ չի մնում, միայն կոճղեր:

Եվ մեկ օր ուժեղ փոթորիկ է սկսվում: Հպարտացած մայրին ամեն կերպ փորձում է չթեքվել՝ հսկա արմատներով կառչելով հողից: Սակայն քամին, իր ճանապարհին չհանդիպելով այլ ծառերի, առանց որևէ խոչընդոտի հարձակվում է միայնակ կանգնած գեղեցիկ ծառի վրա և անխնա կոտրատում այն: Վերջիվերջո, տանջված ու ուժասպառ մայրին այլևս չի կարողանում դիմակայել քամու կատաղի հարվածներին, ճաքում է և գետնին տապալվում:

Leave a comment